Սուրեն Քոչարյան. մեկ դերասանի թատրոնի հիմնադիրը

05 Սեպտեմբերի 2025, 22:00

Հայեր

Ասմունքող Սուրեն Հովակիմի Քոչարյանը խորհրդային և հայկական մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Ծնվել է 1904 թ. սեպտեմբերի 5-ին Թիֆլիսում։ Անցել է թատերական դերասանից մինչև գեղարվեստական խոսքի վարպետի ուղին՝ ընթերցանությունը վերածելով բեմական արվեստի: Նրա կենսագրությունը ոչ միայն դերերի և մրցանակների ցանկ է, այլև վկայություն այն բանի, թե ինչպես մեկ մարդ կարող է կյանք հաղորդել գրավոր խոսքին և այն դարձնել իրադարձություն:

Քոչարյանը բեմական գործունեությունը սկսել է 1921 թ․, իսկ արդեն 1930-ականների կեսերին հրաժարվել է ավանդական թատրոնից՝ իրեն նվիրելով գեղարվեստական ընթերցանությանը: Այս որոշումը շրջադարձային էր. նա ստեղծեց մի յուրօրինակ ժանր՝ մեկ դերասանի թատրոն, որտեղ ձայնը, միմիկան, ինտոնացիան և ժեստերը դառնում էին լիարժեք արտահայտչամիջոցներ: Աբովյանի, Թումանյանի, Չարենցի, Տոլստոյի, Շեքսպիրի և Ռուսթավելու ստեղծագործությունների հիման վրա նրա կատարումները ոչ միայն փոխանցում էին սյուժեն , այլև ստեղծում էին էմոցիոնալ տիեզերք, որում ունկնդիրը դառնում էր մասնակից:

Քոչարյանի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում մոնոներկայացումները՝ «Վագրենավորը», «Սասունցի Դավիթ», «Շեհերեզադե», «Կրեյցերյան սոնատ»: Նա ոչ միայն կարդում էր, այլև խաղում, երևակայում, կատակում, տառապում: Նրա կատարումներն առանձնանում էին կերպարների ներքին դրաման փոխանցելու հազվագյուտ ունակությամբ: Սա մի թատրոն էր՝ զուրկ դեկորացիաներից, բայց լի իմաստով:

Քոչարյանն արժանացել է ՀԽՍՀ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումների, դարձել Ստալինյան մրցանակի դափնեկիր, հյուրախաղերով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս: Բայց նրա գլխավոր ձեռքբերումն այն է, որ նա գրականությունը կենդանի դարձրեց: Նա ապացուցեց, որ խոսքը կարող է հնչի այնպես, կարծես այն ծնվում է հենց այստեղ և հիմա, և որ ունկնդիրը կարող է վերապրել ողբերգությունը, հումորը, փիլիսոփայությունը՝ պարզապես լսելով ձայնը:

Սուրեն Քոչարյանը կյանքից հեռացել է 1979 թ․։ Նրա արվեստը շարունակում է ապրել նրանց հիշողության մեջ, ովքեր լսել են նրա ելույթները: Նա ոչ միայն ընթերցող էր, այլև միջնորդ տեքստի և հոգու, անցյալի և ներկայի միջև:

Հիմա եթերում