Սողոմոն Թեհլերյան․ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ
02 Ապրիլի 2024, 23:48
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, «Նեմեսիս» գործողության մասնակից, Հայաստանի ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է։
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նրա ամբողջ ընտանիքը զոհվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Թեհլերյանին հաջողվել է ողջ մնալ միայն այն պատճառով, որ թուրքերը մտածել են, որ նա ևս մահացել է։
1919-ին Սողոմոն Թեհլերյանը մեկնել է Ստամբուլ, որտեղ սպանել է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին, որը ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայի գաղտնի գործակալն էր և քահանա-կարգապահ Համազասպի հետ միասին կազմել է արտաքսված և հետագայում դաժանաբար սպանված հայ պատգամավորների և բոլոր նրանց ցուցակը, որոնք դեմ էին երիտթուրքերի քաղաքականությանը և կարող էին գոնե ինչ-որ հակազդեցություն ցուցաբերել։
Թեհլերյանը նպատակ էր դրել ի կատար ածել Թալեաթ փաշայի նկատմամբ կայացված դատավճիռը։ Նա երկար քայլեց Թալեաթի հետքերով՝ հետապնդելով նրան տարբեր երկրներում և ի վերջո սպանեց նրան Բեռլինում։
1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ քաղաքում, բազմաթիվ վկաների աչքի առաջ Թեհլերյանը գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Մեհմեդ Թալեաթ փաշային, որը Կոստանդնուպոլսում մահապատժի Էր դատապարտվել ռազմադաշտային դատարանի կողմից և թաքնվում Էր Գերմանիայում ուրիշի անվան տակ:
Մինչ Թեհլերյանը բանտում էր, հայ ժողովուրդն աղոթում էր, որ դատարանը Սողոմոնին անմեղ ճանաչի։ Ոմանք Թեհլերյանի արարքը անվանում էին «Արդարադատություն, որը վերջապես կատարվեց»։
Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ մեղավոր է ճանաչվել սպանվածը, ոչ թե մարդասպանը։
Սողոմոն Թեհլերյանը կյանքից հեռացել է 1960 թվականի մայիսի 23-ին Կալիֆորնիայում: