Սողոմոն Թեհլիրյան. Նրա վրեժն արդար էր
02 Ապրիլի 2025, 23:10

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 2-ը ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, արդարության համար պայքարի խորհրդանիշ դարձած Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է: Հենց նա է սպանել Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին։
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Արևմտյան Հայաստանի Բագառիճ գյուղում: Առաջին համաշխարհային պատերազմի և Հայոց ցեղասպանության ընթացքում նրա ընտանիքը ոչնչացվել է, թուրքերը սպանել էին գերդաստանի 85 անդամներին, և նա եղել է այդ ողբերգական իրադարձությունների ականատեսը։ Հարազատներին կորցնելուց հետո նա երդվել է վրեժ լուծել իր ընտանիքի համար և պաշտպանել իր ժողովրդի պատիվը։
Թեհլիրյանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1921 թվականի մարտի 15-ին։ Պատճառը ոչ միայն Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի գնդակահարությունն էր, այլև այն, որ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության շնորհիվ ողջ աշխարհը սկսեց խոսել 1915-ին թուրքերի կողմից կազմակերպած հայերի ցեղասպանության մասին:
Դատարանը նրա գործողություններն արդարացրել է՝ ընդգծելով, որ նա գործել է վերապրած սարսափների հետևանքով առաջացած ուժեղ աֆեկտի վիճակում։ Թեհլիրյանի այս քայլը դարձել է դիմադրության և արդարության պայքարի խորհրդանիշ։ Այն ցույց է տվել, որ մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ Այսպիսով, Թեհլիրյանի գործը համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է հայ ժողովրդի ողբերգությանը և նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։
Սողոմոն Թեհլերյանի պատմությունը նոր սերունդներին ոգեշնչում է պայքարել իրենց իրավունքների և պատմական արդարության ճանաչման համար։