Սպերցյանն ու Մխիթարյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում են
31 Մայիսի 2025, 15:37
CIES Football Observatory-ն հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների թոփ-300 վարկանշային աղյուսակը, որը հիմնված է աշխարհի 60 լիգաների տվյալների վրա. յուրաքանչյուր դիրքում 50 լավագույն ֆուտբոլիստ: Նրանց թվում են երկու հայ ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանը և Հենրիխ Մխիթարյանը:
Էդուարդ Սպերցյանը աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների թվում է
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ ամենաազդեցիկ հարձակողական կիսապաշտպանների վարկանիշում 80,1 ցուցանիշով զբաղեցրել է 27-րդ տեղը: Սա լավագույն ցուցանիշն է ՌՊԼ-ում: 2024/25 մրցաշրջանում Սպերցյանն անցկացրել է 28 հանդիպում, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա իրեն հատկապես վառ դրսևորել է CCR (գոլային պահերի ստեղծում), FIN (գրոհների ավարտ) և TAK (հարված) կատեգորիաներում։ 24-ամյա հայ ֆուտբոլիստի համար սա հերթական միջազգային ճանաչումն է, որը հաստատում է նրա կայուն զարգացումն ու աճող հեղինակությունը:
Սպերցյանը վաղուց դարձել է «Կրասնոդար»-ի առանցքային ֆիգուրը, իսկ այժմ կրկին հիշեցրել է իր մասին նաև միջազգային ասպարեզում՝ թեկուզ ոչ թոփ-5 լիգաների մակարդակով:
Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների էլիտայում է
Հայկական ֆուտբոլի լեգենդ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը: 36-ամյա հայ ֆուտբոլիստը նույն արդյունքն է ցույց տվել իր ակումբակից Նիկոլո Բարելլայի հետ՝ 88,0 ցուցանիշով, իսկ ահա «Ինտեր»-ի ևս մեկ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն զբաղեցրել է 21-րդ տեղը (83,5): Մխիթարյանը 39-ամյա Լուկա Մոդրիչից հետո, ով զբաղեցրել է 16-րդ տեղը, այս ցուցակի երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է: Մխիթարյանն այս մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ուժեղ կողմերը՝ DIS-ը (փոխանցում) և DFS-ը (պաշտպանություն գետնին) դեռ ապահովում են դաշտի կենտրոնում վերահսկողությունը: Չնայած տարիքին՝ 36-ամյա կիսապաշտպանը մնում է թիմի կարևոր մասն ու շարունակում է ցուցադրել բարձր մակարդակ: 3 օր անց Հենրիխը «Ինտեր»-ի հետ երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: