Սպիտակ տան մեջ այսօր ես հայանպաստ կեցվածք չեմ տեսնում․ Արտաշես Արդի Քասախյան

02 Փետրվարի 2024, 22:47

Քաղաքականություն

Սպիտակ տան մեջ այսօր հայանպաստ կեցվածք ես չեմ տեսնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Արդի Քասախյանը։

«Ոչ ոքի չեմ կարող ասել՝ Բայդենին քվեարկեն։ Այդ դավաճանության հետևանքն այն եղավ, որ Արցախը դատարկվեց, դա իմ համար անընդունելի է։ Մենք ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում ունենք լավ բարեկամներ, օրինակ, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, բայց Սպիտակ տան մեջ այսօր հայանպաստ կեցվածք չեմ տեսնում։ Եթե Թրամփը լինի Հանրապետական կուսակցության թեկնածուն, նույնքան վնասակար կլինի հայության համար»,- ընդգծել է Քասախյանը։

Նրա խոսքով՝ այն օգնությունը, որ ուղարկվում է Ուկրաինային, փոխարենը կարող են ստանալ դրա կարիքն ավելի շատ ունեցող երկրները։

«Կարծում եմ, որ Ուկրաինայում պետք է լինի խաղաղություն, իսկ Ամերիկայից նյութական օգնությունը ուրիշ այլ տեղեր կան, որ ավելի շատ օգնության կարիք ունեն։ Այստեղից կարող են արտասահման ուղարկել միլիարդներ, ու նույնիսկ Ուկրաինան չի կարող բացատրել, թե ինչի վրա են ծախսվում այդ փողերը»,- ասել է մեր զրուցակիցը։

Արտաշես Արդի Քասախյանը նշել է, որ ամերիկահայերը պետք է ընտրություններին մասնակցող ուժերին անընդհատ հիշեցնեն Հայաստանին սպառնացող վտանգի մասին։

«Պետք է պահանջենք Հայաստանի իշխանությունից, որ փորձեն օգնել ոչ միայն Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական դեմքերին, նաև հասարակ մարդկանց։ Ամերիկահայերս պարտականություն ունենք՝ հիշեցնենք, որ Հայաստանը այսօր հալածվում է, վտանգի տակ է, վաղը, մյուս օր թուրքը կարող է սահմանից անցնել, փորձել ամբողջ Սյունիքը վերցնել, դա իսկական վտանգ է։ Այն ուժերը, որ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք, գրավել Արցախի Հանրապետությունը ու տեղահանել խաղաղ բնակչությունը, ներկայացնում են լուրջ վտանգ և սպառնում են Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգությանը»,- եզրափակել է Քասախյանը։