Սպորտի վարպետ Երվանդ Մղդսյանը Կարաչայ-Չերքեզիայի լճում փրկել է խեղդվող զբոսաշրջիկին
22 Օգոստոսի 2025, 12:38
Օգոստոսի 13-ին Կարաչայ-Չերքեզիայի Տումանլի-Կյոլ լճում դեպք է տեղի ունեցել, որը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե չլինեին Կրասնոդարի երկրամասի ձյուդոյի հավաքականի մարզիչ և սամբոյի սպորտի վարպետ Երվանդ Մղդսյանի վճռական գործողությունները։
Ընկերների հետ հանգստանալիս Մղդսյանը լսել է օգնության կանչեր հակառակ ափից։ Երեխաներն ու կանայք օգնություն էին կանչում․ տղամարդ էր խեղդվում։ Ոչ մի վայրկյան չկորցնելով՝ Երվանդը լողալով անցել է լիճը։ Տեղում նա տեսել է երկու կնոջ, որոնք փորձում էին տուժածի գլուխը պահել ջրից դուրս, բայց ինքնուրույն օգնել նրան չէին կարողանում։
Երվանդը տղամարդուն տեղափոխել է իր սապբորդի վրա և սկսել է առաջին օգնություն ցուցաբերել. կատարել է սրտի անուղղակի մերսում, շփել է վերջույթները։ Թեև վիճակը փոքր-ինչ կայունացել է, տուժածը մնացել է անգիտակից վիճակում։ Հաղթահարելով մոտ 150 մետր՝ Մղդսյանը նրան հասցրել է ափ, որտեղ արդեն սպասում էին այլ հանգստացողներ։ 40 րոպեի ընթացքում Երվանդն ու կամավորները պայքարել են տղամարդու կյանքի համար՝ հետևել են շնչառությանը, մերսել են մարմինը, օգտագործել են անուշադրի սպիրտ։ Զարկերակը մի քանի անգամ կորել է, բայց ջանքերը չեն դադարել։
Երբ շտապօգնությունը ժամանել է, զբոսաշրջիկը դեռ անգիտակից վիճակում էր։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Երվանդ Մղդսյանի անձնազոհության և հանգստացողների օգնության շնորհիվ ողբերգությունից հաջողվել է խուսափել։ Մղդսյանը հրաժարվել է մեկնաբանություններից՝ նախընտրելով հերոսությունը թողնել առանց ավելորդ ուշադրության։
Տեսանյութը տրամադրել են դեպքի ականատեսները։