«Սփյուռքն ինչքան էլ վատը թվա, օրհասական պահին սիրտն էլ կտա հայրենիքին». Համլետ Ղալեչյան

17 Օգոստոսի 2023, 09:18

Մշակույթ

«Ազգային մշակույթում ներդրած ավանդի համար» «Արտավազդ» մրցանակակիր, մոսկվայաբնակ ռեժիսոր Համլետ Ղալեչյանի գործերում գերակշռում են  հայրենալքության, հայրենիքի հանդեպ պատասխանավության և ձուլման թեմանները: Վերջին բեմադրված հեղինակային ստեղծագործությունը «Մեկը երկուսի համար» պիեսն է:

«Այն գրվեց ու բեմադրվեց 44-օրյա պատերազմից հետո: Լինելով ներգրավված որոշակի փոխգործակցություններում` հերթական անգամ համոզվեցի, որ Սփյուռքն ինչքան էլ վատը թվա` օրհասական պահին սիրտն էլ կտա հայրենիքին. հենց այս միտքն էլ դարձավ ներկայացման հիմքը»,- անդրադառնալով երկու տարում ավելի քան քառասուն անգամ խաղացած ներկայացմանը` ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի «Գավիթ» թատրոնի հիմնադիր-ռեժիսոր Համլետ Ղալեչյանը:

«Մեկը երկուսի համար» ներկայացումը պատմում է թանկարժեք հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնված Արմենի ու Արմենակի մասին: Առաջինը ռուսաստանաբնակ մեծահարուստ է, որն ամբողջ կյանքը նվիրել է բիզնեսին, երկրորդը` արտագնա աշխատանքի ժամանակ վատ ինքնազգացողությամբ հիվանդանոց դիմած հասարակ գյուղացի, ում բուժման ծախսերը պատահմամբ հոգում է գրեթե անվանակից ազգակիցը:
Արմենակ Գևորգի Սիմոնյանին մարմնավորում է հայաստանաբնակ, հրավիրյալ դերասան Արման Նավասարդյանը, Արմեն Գևորգի Սիմոնյանին` ծնունդով Աբխազիայից,  ռուսաստանաբնակ Աշոտ Քեշյանը:

«Շատ կարևորում էի, որ Արմենակին մարմնավորեր հայաստանաբնակ դերասան:

Նա պետք է ներկայացման վերջում մոտենար հանդիսատեսին ու ձեռքսեղմումներով հեռանար դահլիճից, ինչպես ասում էր պիեսի ընթացքում, երբ հայրենիք եմ վերադառնում, ձեռքերս խրում եմ հայրենի հողի մեջ, կարոտս առնում, լիցքավորվում  ու տալիս եմ հեռուներից բերած էն մարդկանց կարոտն ու ջերմութունը, որոնց ձեռքերը սեղմել եմ:

Ու Արմենակը հեռանալու էր` կրծքի տակ տանելով կյանքի վերջին օրերն հիվանդանոցում իր հետ անցկացրած մեծահարուստ Արմենի նվերը` բաբախող սիրտը»,- ասել է Համլետ Ղալեչյանը` ընդգծելով, որ ներկայացման համար Արման Ներսիսյանն ամեն ամիս գալիս է Մոսկվա, խաղում մի քանի ներկայացում և խորհրդանշական ձեռքսեղմումներով վերադառնում հայրենիք: