Սփյուռքում լիարժեք չեն պատկերացնում այն իրականությունը, որը տեղի է ունենում մեր հայրենիքում․ Գայանե Ասլամազյան

21 Մայիսի 2024, 23:00

Կարծիք

Սփյուռքում բնակվող մարդիկ լիարժեք չեն պատկերացնում այն իրականությունը, որն այսօր կամ մի քանի տարի առաջ տեղի էր ունենում մեր հայրենիքում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց դերասանուհի Գայանե Ասլամազյանը։

«Սփյուռքում բնակվող մարդիկ հիմնականում այն մարդիկ են, որոնք տեղափոխվել են 50, 30 տարի առաջ, և, բնականաբար, նրանք լիարժեք չեն պատկերացնում այն իրականությունը, որն այսօր կամ մի քանի տարի առաջ տեղի էր ունենում մեր հայրենիքում։ Նրանց ինֆորմացիոն աղբյուրը Հանրային հեռուստաընկերությունն էր կամ ԱՄՆ-ում վաղուց գործող հեռուստաընկերությունները։ Իսկ դրանք հարում են ներկայիս իշխանությանը և գերակշռող ինֆորմացիոն դաշտը գտնվում է նիկոլապաշտ զանգվածի մոտ»,- ասաց Ասլամազյանը։

Ցավոք, ըստ նրա, Հայաստանին վերաբերող յուրաքանչյուր թեմա փնտրելիս առաջին հերթին գալիս է ադրբեջանական լրահոսը և ադրբեջանցիների կողմից մատուցվող «ճշմարտությունը»։

«Մենք ինֆորմացիոն առումով ոչ միայն սփյուռքում ենք կաղում, այլ ընդհանրապես պարտվել ենք համաշխարհային համացանցային ինֆորմացիոն դաշտում, քանի որ Հայաստանին վերաբերող յուրաքանչյուր թեմա, որ փորձում ես համացանցում գտնել, առաջին հերթին գալիս են ադրբեջանական լրահոսը և նրանց կողմից մատուցվող «ճշմարտությունը»։

Մենք բոլորս պետք է համախմբվենք անկախ մեր գտնվելու վայրից, պետք է մեծ աշխատանք տանենք մեր գիտնականների, պատմաբանների, արվեստագետների հետ, որ կարողանանք մեր իրական պատմությունը ներկայացնել աշխարհին։ Մենք այնքան ենք կենտրոնացել հայաստանյան իրադարձությունների վրա, որ բաց ենք թողնում այս ամենը»,- եզրափակեց Alpha News-ի զրուցակիցը։