Սփյուռքը ՀՀ իշխանությունից ակնկալում է վերջ տալ Արցախից հրաժարվելու քաղաքականությանը. Գևորգ Ղուկասյան
28 Հունիսի 2023, 17:55
Արցախի և Սփյուռքի միջև քաղաքական փոխգործակցության մակարդակն ավելի բարձր է: Սա գուցե պայմանավորված է հանգամանքով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունում Հայաստանն իր գագաթը հետ է քաշել: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման տեսակետ է հայտնել Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
Նրա խոսքով, Արցախի ԱԳՆ-ի և, առհասարակ, Արցախի քաղաքական շրջանակների հետ Սփյուռքի հարաբերություններն անհամեմատ լավ են, կառուցողական: Արդյունավետ փոխգործակցության տեսանելի արդյունքներից մեկը, ըստ Ղուկասյանի, եղել է ամիսներ առաջ տեղի ունեցած «Արցախ» փակ ֆորումի կազմակերպումը: Այն համախմբել է ավելի քան 300 միջազգային գործչի՝ կոնգրեսականների, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, որոնք լսել են միմյանց ու խելք խելքի տվել, թե ինչպես կարող են իրենց նպաստը բերել Արցախի հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը:
Ռազմավարության և անվտանգության հարցերից ելնելով՝ Ֆորումը բաց է եղել միայն գրանցված անձանց համար: Տեղեկատվությունը տարածվել է միայն ամփոփ հաղորդագրությամբ: Գևորգ Ղուկասյանն անդրադարձել է նաև Զարեհ Սինանյանի գլխավորած Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի աշխատանքներին և համարել, որ դրանք կենսական չեն:
«2018-ին, երբ Սփյուռքի նախարարությունը փակվեց, դա արդեն քաղաքական ուղերձ էր, որ ընդհանրապես, Սփյուռքին վերաբերող հարցերը Հայաստանի հասարակական, պետական քաղաքական կյանքում երկրորդվում են: Դրանով Սփյուռքի հետ հարաբերությունների նշաձողն իջեցվեց: Այդ ժամանակ ակնհայտ էր, որ Սփյուռքը այլևս չի ունենալու այն մեծ դերը, որը նախկինում նրան տրվում էր», — ընդգծել է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն՝ շեշտելով, որ պետությունը պետք է մեծ դերակատարում ունենա Սփյուռքի համայնքային կյանքի զարգացման աշխարհասփյուռ հայության միջև հարաբերությունների սերտացման գործում, ինչը այսօր չենք տեսնում:
Գևորգ Ղուկասյանի դիտարկմամբ՝ Սփյուռքն այսօր ՀՀ իշխանությունից ակնկալում է վերջ տալ պետական այն քաղաքականությանը, որը ենթադրում է Արցախից հրաժարում եւ Թուրքիային գրկաբաց ընդունում, ինչպես նաեւ ազգային արժանապատվության նվաստացում:
Հիշեցնենք՝ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին և գործել 10-ը տարի: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Փաշինյանի գլխավորած կառավարության որոշմամբ, Սփյուռքի նախարարությունը լուծարվել է: Վերջինիս գործառույթը 2019-ին դրվել է կառավարությանն առնընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի վրա, որը ղեկավարում է ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին ղեկավար Զարեհ Սինանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: