Ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում խոշտանգումների, անդամախեղման մասին տեղեկություններ․ ՄԻՊ

28 Հոկտեմբերի 2023, 18:35

Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով: Նա նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է:

«Այս ընթացքում զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ, որի արդյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ փաստահավաք աշխատանքները հետապնդել են երկու նպատակ՝ երաշխավորել Հայաստանի Հանրապետություն  մուտք գործած բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և բացահայտել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված դեպքերը, որոնք տեղի են ունեցել  ադրբեջանական գործողությունների արդյունքում:

«Մեր կողմից հավաքագրված տեղեկատվության իսկությունը ստուգվել է, որից հետո է միայն ներառվել  Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում: Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ»,- մանրամասնել է Պաշտպանը: