Ստացվում է՝ նախընտրական քարոզարշավ չպե՞տք է լինի. սա անհեթեթ պատմություն է. Կոչուբաև

11 Փետրվարի 2026, 13:55

Քաղաքականություն

Իրավապահները խուզարկություններ են իրականացրել և բերման ենթարկել 10 անձի։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն՝ անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքում վաղ առավոտից սկսված բռնաճնշումներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ տեղեկացնելով, որ Վաղարշապատում բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:

Ըստ փաստաբանի՝ իրավական գործընթացը հիմնված է «անհեթեթ» տրամաբանության վրա։

«Խուզարկության որոշումներում նկարագրված է մի պատմություն, ըստ որի՝ անձինք քարոզչության միջոցով ազդել են ընտրողների կարծիքի վրա: Քարոզչության ողջ իմաստը հենց ընտրողի վրա ազդելն է, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես հանցանք։ Ստացվում է՝ նախընտրական քարոզարշավ չպե՞տք է լինի: Սա անհեթեթ պատմություն է»,- նշել է Կոչուբաևը։