Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հիմնական արդյունքները

02 Հունիսի 2025, 19:19

Քաղաքականություն

Հունիսի 2-ին կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որը կենտրոնացած էր երեք առանցքային թեմաների վրա՝ հուշագիր, գերիների և զոհվածների մարմինների փոխանակում, ինչպես նաև երեխաների հետ կապված հարց: 

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել հուշագիր, որը պարունակում է երկու բաժին՝ երկարաժամկետ խաղաղություն և հրադադարի տարբերակներ։ Կիևն ուսումնասիրում է փաստաթուղթը և պատասխան կպատրաստի։ 

Կողմերը համաձայնեցրել են գերիների փոխանակումը (առնվազն 1000 մարդ) և ծանր վիրավորների փոխանակման հանձնաժողովի ստեղծումը՝ առանց քաղաքական որոշումների։  Մոսկվան Ուկրաինային է փոխանցում 6000 զոհված զինվորների նույնականացված մարմիններ՝ առաջարկելով տեղային հրադադար՝ նրանց տարհանելու համար:

Ուկրաինան փոխանցել է հակամարտության հետևանքով տուժած 339 երեխաների ցուցակը: Ռուսաստանը նրանց վերադարձնում է ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից հաստատման դեպքում, ինչպես նաև զբաղվում է ընտանիքների վերամիավորման հարցերով։  

Մեդինսկու խոսքով՝ Կիևը երեխաների «առևանգման» թեմայից «շոու է կազմակերպել սրտացավ եվրոպացիների համար»:

Բանակցությունները տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, սակայն էական առաջընթաց չի գրանցվել։ Հաջորդ փուլի ամսաթիվը դեռ որոշված չէ: