Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելով փոխելու ենք ընտանիքի ինստիտուտի մոդելը. Հայկ Այվազյան

31 Մայիսի 2023, 17:55

Կարծիք

«Ստամբուլյան կոնվենցիան կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա է»,- ասում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Նշենք, որ այսօր Հայատանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ կցանկանար Հայաստանը վավերացնի կոնվենցիան: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, թե հասկանում է, որ իր բառերը Հայաստանում շատերի դուրը չեն գա, բայց վավերացմամբ Հայաստանում կամրապնդվի կանանց իրավուքները:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ընդգծում է՝ կոնվենցիան վավերացնելով փոխելու ենք ընտանիքի ինստիտուտի մոդելը:

«Ընտանիքի ինտիտուտում նոր մոդել են մտցնում, որը կոչվում է «զուգընկերներ»: Տարբեր սեռի, այդ թվում նաև նույն սեռի անձանց միջև զուգընկերությունը ևս համարվում է ընտանիք», — կոնվենցիայի էությունն այսպես է բացատրում Այվազյանը:

Նա ընդգծում է՝ այդ մոդելով կազմված ընտանիքը ունենալու է նույն իրավունքները, որն ունի ավանդական ընտանիքը:

Անդրադառնալով Անդրեա Վիկտորինի հայտարարությանը՝ Այվազյանը այն բնութագրում է իբրև կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ եթե Հայաստանը ինքնիշխան պետություն լիներ, ապա ԱԳՆ-ի միջոցով դեսպանին կհրավիրեր և բողոքի նոտա կտար:

«Հայաստանը ինքնիշխանությունից զուրկ է, որին դրսից թելադրում են ինչպես ապրել», — ասում է Հայկ Այվազյանը: Ըստ նրա՝ Արցախի կապիտուլյացիայից հետո հիմա փորձում են վերջնականապես կապիտուլացնել Հայաստանը:

Նա ընդգծում է՝ կա երկու հայկական ինտիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը.

«Եթե կարողացան իրավական առումով ոչնչացնել այս ինստիտուտները, ապա կապիտուլյացիայի կենթարկվի նաև մեր ինքնությունը»,- նախազգուշացնում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյան: