Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կարող է լինել միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում. Նելլի Բաղդասարյան
01 Հուլիսի 2023, 17:20
Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն կարող է լինել միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում:
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում այս պնդումն է արել Արցախի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
«Արցախի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը արտահայտվել են դեռևս 1991 թվականին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, և դրանք սակարկելի չեն», — շեշտել է ԱՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը և հավելել, որ դա է Արցախի ճանապարհային հստակ քարտեզը: Արտաքին քաղաքական օրակարգն իր հերթին հստակ է ոչ միայն Երևանի, այլև միջազգային դերակատարների համար:
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք հաստատվել են վերջին երկու տարիներին արցախցիների ակնկալիքներն այդքան էլ մեծ չեն, բայց Նելլի Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԱՀ շարունակում է կողմ մնալ կառուցողական բանակցություններին և նախկինում հաստատված միջազգային ձևաչափի վերականգմանը:
Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը նա հիշեցրել է նախկինում եղած անհաջող փորձը և պնդել, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն պաշտպանված ձևաչափով և ամենավստահելի մեխանիզմներով:
«Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ», — պնդել է Նելլի Բաղդասարյանը:
Թողարկմանը անդրադարձ է եղել նաև ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության խնդիրներին: Դիզվառելիքի սակավության պատճառով տրանսպորտային- լոգիստիկ հարցեր կան. Ստեփանակերտի և Արցախի շրջանների հետ կապ հաստատելը աստիճանաբար դժվարանում է: Պարենային պաշարն էլ, իր հերթին, անսպառ չէ:
Իրավիճակն Արցախում վերաճում է հումանիտար աղետի, քանի որ հունիսի 15-ից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը թշնամին տոտալ բլոկադայի է ենթարկել։
Միայն օրերս վերականգվել է Կարմիր խաչի միջոցով բուժառուների և որոշակի քանակությամբ դեղորայքի տեղափոխումը:
Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը փակ է 2022թ-ի դեկտեմբերի 12-ից։
Մանրամասները` տեսանյութում: