Ստեփանակերտ է մտել ԿԽՄԿ-ի 2 բեռնատար, օգնությունը բեռնաթափվել է պահեստներում. Էթերի Մուսայելյան

18 Սեպտեմբերի 2023, 13:09

Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ստեփանակերտ մտած մարդասիրական օգնությունը բեռնաթափվել է պահեստներում, ըստ կարիքի ու անհրաժեշտության դրանք կտրամադրվեն այն հաստատություններին, որոնց համար նախատեսված էին:

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին, ԿԽՄԿ-ի եւ ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական եւ հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին եւ կօգտագործվեն ըստ կարիքների:

Էթերի Մուսայելյանն առայժմ չասաց, թե որքան է կազմում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկված մարդասիրական օգնությունը, ընդգծելով միայն, որ երկու ուղղությամբ, այսինքն՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ին պատկանող մեկական բեռնատար է անցել:

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր նաեւ, որ մի քանի օր հետո նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: Թե ինչ բեռների մասին է խոսքը, Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղարը չասաց:

«Մենք ըստ մեր աշխատելաոճի՝ նախօրոք չենք ասում՝ ինչ, երբ, ինչպես: Երբ գործընթացը տեղի ունենա, մենք անպայման կհաստատենք: Կարող եմ ասել, որ մենք հույս ունենք, որ հումանիտար օգնության տեղափոխումը պարբերական բնույթ կկրի: Մենք դա անում ենք որպես չեզոք միջնորդ եւ որպես մարդասիրական կազմակերպություն, հաշվի առնելով, որ տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր խնդիրների առաջ են կանգնած»,- հավելեց Էթերի Մուսայելյանը: