Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

16 Հունիսի 2023, 20:30

Մշակույթ

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է միջոցառում` նվիրված մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 85-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթօջախի տնօրեն Զարինե Բաբայանը նշեց, որ երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին։ Ութ տասնյակից ավելի` տարիներ շարունակ, Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ, ովքեր այսօր իրենց ավանդն ունեն Արցախի մշակութային կյանքի կայացման գործում։

«2022-2023 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 437 աշակերտ։ Այս տարի ունենք 61 շրջանավարտ. նրանցից ինը որոշել են իրենց ուսումը շարունակել երաժշտական ասպարեզում։ Շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում դպրոցը թեկուզ մեկ օր չի դադարեցրել իր գործունեությունը։ Մեր առաքելությունը հիմնադրման օրից չի փոխվել։

Մենք շարունակում ենք մեր երեխաների մեջ սեր սերմանել մշակույթի, երաժշտության հանդեպ։ Վստահ ենք, որ մեր աշակերտները վաղը կդառնան մեր երկրի լիարժեք քաղաքացիները»,- նշել է Զ. Բաբայանը։

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը, շնորհավորելով երաժշտական դպրոցի 85-ամյակը, կարևորել է նրա դերը արցախյան երաժշտական կյանքի կայացման գործում։

«Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառումը ևս մեկ լավագույն հնարավորություն է արժևորելու, գնահատելու և մեր հոգու երախտիքը հայտնելու դպրոցի հիմնադրումից ի վեր Արցախի մշակութային կյանքի կայացման գործում իրենց մեծագույն ներդրումն ունեցած բոլոր նվիրյալներին։

Դպրոցը, իր գործունեության ողջ ժամանակահատվածում առանձնակի լավատեսությամբ ու ջանադրությամբ հաղթահարելով բազում մարտահրավերներ, սիրով ու համբերատարությամբ մեր երեխաներին ոչ միայն սոսկ մատուցել, այլև մեր ազգային մտածելակերպին համահունչ ձևակերպումներով նոր իմաստ է հաղորդել և արհեստավարժությամբ նորանոր բարձրակետին հասցրել այն բարձրարվեստ երաժշտությունը, որն, իրավամբ, արտահայտում է նաև մեր ազգային ոգին և ժողովրդի հոգու ապրումները»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Տաթևիկ Բալայանը քաղաքապետարանի կողմից Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենին խորհրդանշական նվեր է հանձնել։

«Արցախը և արցախցին միշտ էլ իրենց ավանդով առանձնացել են արվեստի տարբեր ճյուղերում, մասնավորապես` երաժշտության ասպարեզում, որի դարբնոցի ու դրոշակակրի պատվավոր ու պատասխանատու դերն ավելի քան ութ տասնամյակ կրել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Դպրոցի ամենամեծ ձեռքբերումը նրա շրջանավարտներն են»,-ընդհանրացրել է Տ. Բալայանը։

Հիմա եթերում