Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Համբարձման տոնի առթիվ պատարագ է մատուցվել
19 Մայիսի 2023, 00:15
Այսօր՝ մայիսի 18-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Համբարձման տոնի առթիվ պատարագ է մատուցվել՝ ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գուրջյանի ձեռամբ:
«Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է Նրա հարությունից 40 օր հետո, երբ Քրիստոսը իր աշակերտների հետ գնում է Ձիթենյաց լեռը ու այնտեղ վերջին հրահանգներն է տալիս, ասում, որ գնան ու մկրտեն բոլորին և պատվիրեն անեն այն ամենը, ինչ ինքն է սովորեցրել,ու խոստում է տալիս, որ դրանից հետո նրանց հետ է լինելու մինչև աշխարհի վախճանը, բայց տեսանելի կերպով սկսում է բարձրանալ երկինք ու գնում նստում է Հոր աջ կողմում: Տոնի խորհուրդը հենց դա է, որ Քրիստոսը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր: Նաև մեզ հնարավորություն, հույս է տալիս, որ մենք ևս արժանանալու ենք երկնի արքայությանը»,-տոնի խորհուրդը պարզաբանել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
Նրա խոսքով՝ դարեր շարունակ մարդիկ միշտ փորձել են երկինքը նվաճել, որի օրինակներից մեկը Բաբելոնի աշտարակաշինությունն է, երբ մարդն ուզում էր իր ձեռակերտ կառույցի միջոցով հասնել երկինք ու Աստծուն, բայց չստացվեց:
«Քրիստոսը Համբարձման միջոցով ցույց է տալիս,որ երկինք գնալու ուղին խոնարհության ու Աստծո պատվիրանները պահելու ճանապարհն է, ինչպես ինքն արեց՝ մինչը վերջ կատարեց Աստծո կամքը ու նորից գնաց երկինք»,-նշել է հոգևոր հայրը: