Ստեփանակերտի ընտրությունները բռնապետ Ալիևի սադրանքն են. եվրապատգամավոր
09 Փետրվարի 2024, 22:18
Ալիևի այցը Ստեփանակերտ նախագահական քարոզարշավի շրջանակներում օրիգինալ չէ։ Սա ևս մեկ սադրանք է մի մարդու կողմից, որը բռնապետ է, որը ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և ստիպել է բնակչությանը լքել երկիրը, աքսորվել՝ փրկվելով Ցեղասպանությունից: Alpha News-ին այս մասին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլյա Բեն (Nicolas Bay):
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը դա ներկայացրել է որպես նախընտրական քարոզարշավի պարզ ակցիա։
«Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հայերը ստիպված են եղել հեռանալ՝ փրկվելով մահից, թալանից ու բռնաբարությունից։ Ադրբեջանն արդեն վաղուց գործում է ինչպես Թուրքիան, և ակնհայտ ցանկություն ունի վերահսկողության տակ վերցնել Հայաստանի տարածքը և արմատախիլ անել հայ ժողովրդին։ Հայերին պետք է մեր համերաշխությունը, միջազգային հանրության և ակնհայտորեն եվրոպացի քրիստոնյաների համերաշխությունը։ Մենք հայերի նկատմամբ համերաշխության պարտք ունենք, քանի որ Հայաստանն է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, որտեղ ապրում է 3 միլիոն հայ, սակայն բախվում է 100 միլիոն մահմեդական Թուրքիայի հետ, որն ունի հեգեմոն ձգտումներ։
Ադրբեջանն իրեն պահում է Թուրքիայի վասալի պես, դե նրանք չեն կարող կռվել։ Միջազգային պաշտպանությունն անհրաժեշտ է, և Եվրախորհրդարանի անդամի համար անտանելի է տեսնել, թե ինչպես են եվրոպական ինստիտուտները՝ ֆոն դեր Լայենը, սիրախաղ անում Ալիևի հետ, նրանից գազ գնում և նրան ներկայացնում որպես «հուսալի տնտեսական գործընկեր», որպես քաղաքական գործընկեր՝ մոռանալով, որ նա բռնապետ է, և որ նա ենթարկվում է Թուրքիայի հրամաններին, և որ նա դաժան է վարվում հայ ժողովրդի նկատմամբ, որի հետ մենք շատ վաղեմի կապ ունենք։
Ժամանակն է դադարեցնել հայացքը շեղել այն ամենից, թե ինչ է կատարվում Արցախում և ընդհանրապես Հայաստանում։ Մենք հստակ տեսնում ենք, որ Ալիևն ուզում է առաջ գնալ, նա ուղղակի անեքսիայի ենթարկեց Արցախը, ստիպեց հայերին հեռանալ, և դա նրան բավարար չէ. նա ուզում է շարունակել, նա շարունակելու է պայքարը Հայաստանի դեմ, և դրա համար էլ հիմա շտապ պետք է դադարել միամիտ, վախկոտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Եկել է միջազգային և տնտեսական պատժամիջոցներ սահմանելու, Ադրբեջանի հետ բոլոր տնտեսական և առևտրային հարաբերությունները դադարեցնելու ժամանակը»,- ասել է եվրապատգամավորը։
Նրա խոսքով՝ այն, ինչ ցուցադրում են եվրոպական ինստիտուտները, անհավանական կեղծավորությունն է։
«Մենք չենք կարող մի կողմից Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում, ընդունել Ադրբեջանին և Արցախի դեմ ագրեսիան դատապարտող բանաձև, և միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը քաղաքական և տնտեսական առևտրային հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ։ Քաղաքականությունը միայն խոսքեր չեն, այլ նաև գործողություններ են, պատասխանատուները, տիկին ֆոն դեր Լայենից սկսած, պետք է խոսքերը համաձայնեցնեն գործողությունների հետ։ Բայց այսօր հակառակն է՝ վախկոտության և միամտության խառնուրդով։
Եվրոպական կառույցները պաշտպանում են մանր առեւտրային շահերը հայերի հաշվին։ Դա ցավալի է: ԵՄ-ն միշտ իրեն այդպես է պահում և ժամանակ է ծախսում ամբողջ աշխարհին խրատելու վրա, թեև ինքը հեռու է անթերի լինելուց։ Այսօր պետությունների և կառավարությունների ղեկավարները, սկսած Ֆրանսիայից, բավարար քայլեր չեն արել Ադրբեջանի դիրքորոշումը դատապարտելու համար, որպեսզի դա անդրադառնա երկրի հետ քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների վրա: Բավարար չէ նաև Հայաստանին տրամադրվող օգնությունը, որպեսզի նա կարողանա արդյունավետորեն պաշտպանել իրեն ռազմական առումով», — ընդգծել է նա։