Ստեփանակերտում «Մայրություն» ՀԿ-ի 35-ամյա գործունեության առթիվ միջոցառում է կազմակերպվել
08 Հունիսի 2023, 23:30
Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «Մայրություն» հասարակական կազմակերպության կազմավորման 35-ամյակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է Արցախյան պատերազմներում անմահացած տղաների հիշատակը խնկարկելով։
«Արցախի կանայք, 35 երկար և ձիգ տարիներ տևած պայքարի ծանրագույն ուղին հաղթահարելով, որպես հասարակության շարժիչ ուժ` արժանավոր տեղ են գրավել մեր հայ ժողովրդի պատմության մեջ։ Գործունեությունը սկսելով ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից՝ «Մայրություն» ՀԿ-ն կարողացել է իր շուրջը համախմբել Արցախի լավագույն դուստրերին։
Կազմակերպության նպատակն է կառուցել համախումբ հասարակություն, դաստիարակել գիտակից, հայրենասեր երիտասարդ սերունդ, առողջ, ավանդական հայկական ընտանիք՝ առլեցուն անսպառ հավատով ու սիրով, խաղաղությամբ ու բարօրությամբ»,-մեզ հետ զրույցում ասել է «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների անունից շնորհավորել է «Մայրություն» հասարակական կազմակերպությանը` ստեղծման 35-ամյակի առթիվ։
«Միության 35-ամյա գործունեությունը՝ Հասմիկ Միքայելյանի նախագահությամբ, անշեղ ընթացել է «Գթասրտություն առանց սահմանի» կարգախոսով։ Արցախյան Շարժման օրերին կանայք համախմբվել են` պայքարելու ազգային ինքնորոշման իրավունքի ոտնահարման դեմ, հանուն մարդու, մոր և մանկան, ընտանիքի պաշտպանության։
Կազմակերպությունը սնունդով, հագուստով, դեղամիջոցներով աջակցել է կամավորական աշխարհազորային ջոկատներին, կազմակերպել դոնորական օգնություն վիրավոր ազատամարտիկներին, խնամք` հոսպիտալներում և կատարել կամավորական այլ աշխատանքներ»,-նշել է Մ. Հարությունյանը։
ՀԿ-ի կազմավորման 35-ամյակի առթիվ հնչել է Հանրապետության նախագահի ուղերձը։
Միջոցառմանը տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։
Երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցի երգչախումբը, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Արցախի պետական երգչախումբը։