Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին հուշաղբյուր է կառուցվել
15 Հունիսի 2023, 20:20
Այսօր՝ հունիսի 15-ին, Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում տեղի է ունեցել 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմներում անմահացած Նորայր և Երվանդ Հաջիյան եղբայրների հիշատակին կառուցված աղբյուրի բացման արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրն օծվել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ:
Հուշաղբյուրի բացման պատիվը տրվել է հերոսների զավակներին, իսկ կառուցումը նախաձեռնել են ընտանիքի հարազատներ Վարդան և Մարինե Սողոմոնյան ամուսինները:
Հերոսների հայր Միքայել Հաջիյանն իր խոսքում նշել է, որ հուշաղբյուրի կանգնեցումը հավերժացման ճանապարհի ևս մեկ հանգրվան է:
Նորայր Հաջիյանն անմահացել է 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտում՝ Թալիշում: Արժանացել է
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան»,
«Վազգեն Սարգսյան»,
«Արամազդ»,
Ահ Մայրություն ՀԿ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն», իսկ հետմահու` Ահ «Մարտական ծառայություն», ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալների։
Երվանդ Հաջիյանն անմահացել է 2020 թվականի 44֊օրյա պատերազմում՝ Կարախանբեյլի տեղամասում, հոկտեմբերի 6-ին։ Ցուցաբերած քաջության, սխրանքի, նվիրումի և խիզախության համար Երվանդ Հաջիյանը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ դիվանագիտական ճակատում՝ երկարամյա բարեխիղճ ծառայության համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք պարգևների, այդ թվում՝ «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն», «Հայրենիք և Հավատ», «Մոնթե Մելքոնյան, «Զինվոր», «Տիգրան Մեծ» մեդալների: