Ստեփանակերտում տեղի է ունեցել ձյուդոյի հանրապետական առաջնություն
14 Մայիսի 2023, 21:15
Այսօր՝ մայիսի 14-ին, մայրաքաղաքի համար 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվել Ձյուդոյի հանրապետական առաջնություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնության բացման արարողությանը ներկա էին՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Իվան Ազիզբեկյանը պատմել է, որ չնայած մարզումների համար հարմարավետ դահլիճների ու համապատասխան մարզագույքի խնդիրներին, մարզիկները սիրով էին հաճախում պարապմունքների:
«Ժամանակի հետ բարելավվեցին նաև ձյուդոյի մարզումների համար անհրաժեշտ պայմանները։ Այժմ արդեն դրանք իրականացվում են վերանորոգված ու կահավորված երկու դահլիճում»,-ներկայացրել է Ի. Ազիզբեկյանը:
Տասնվեցամյա Ալեքսեյ Ավանեսյանը ձյուդո մարզաձևով զբաղվում է արդեն 11 տարի։ Հանրապետական առաջնությանը մասնակցել է 66 կիլոգրամ քաշային կարգում:
«Շրջափակումը խանգարել է մասնակցելու՝ Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող մրցումներին, բայց այդ չեմ ընկճվում՝ շարունակելով քրտնաջան աշխատել ավելի լավ արդյունքներ գրանցելու համար»,-ասել է պաըանի մարզիկը:
Ձյուդոյի հանրապետական առաջնությունն ընթացել է երեք փուլով, որին 21 քաշային կարգերում մասնակցել է 5-17 տարեկան 150 մարզիկ՝ մարզիչներ Իվան Ազիզբեկյանի, Գոռ Ազիզբեկյանի, Մհեր Պողոսյանի և Սոսե Բալասանյանի թիմերից։
Հաղթող թիմերը պարգատրվել են մեդալներով ու պատվոգրերով։