Սթիվեն Զայիլյանը Netflix-ի «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է «Էմմի» մրցանակի

16 Սեպտեմբերի 2024, 13:38

Հայեր | Մշակույթ

Հոլիվուդյան հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ռեժիսոր Netflix-ի «Ռիփլի» մինի սերիալի համար։

Մրցանակը ստանալիս իր ելույթում Զայիլյանը նշել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ բնապատկերներով, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին։

««Ռիփլի»-ի նկարահանումն Իտալիայում արդեն իսկ պարգև էր: Դա նման էր երազի։ Դրանից հետո ինձ այլևս ոչինչ հարկավոր չէր։ Այս աշխատանքն ինքնին մրցանակ էր, և այնուամենայնիվ, ես գնահատում են այս պատիվը և այն կիսում եմ բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա: Շնորհակալ եմ նրանց, ակադեմիային, Netflix-ին և իմ ընտանիքին»,- ասել է նա։

«Ռիփլի»-ն ութ մասից բաղկացած մինի սերիալ է՝ հիմնված է Պատրիսիա Հայսմիթի վեպի վրա։ Ֆիլմը պատմում է 1960-ականների սկզբին Նյու Յորքում ապրող խաբեբա Թոմ Ռիփլիի (Էնդրյու Սքոթ) մասին։ Նրան վարձում է մի մեծահարուստ Իտալիա մեկնելու համար, որպեսզի փորձի համոզել իր թափառական որդուն վերադառնալ տուն: Այս առաջարկի ընդունումը Թոմի համար դառնում է առաջին քայլը դեպի խաբեությամբ, խարդախությամբ և սպանություններով լի բարդ կյանք: