Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

19 Հունիսի 2023, 10:56

Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված երգիչներ Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները։  Հունիսի 26-ին և 27-ին, ժամը 19: 30 Արամ Խաչատրյան համերգասրահում հիթերը կներկայացնեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին և Կամերային նվագախումբը։ Գործիքավորումը՝ Մասսիմո Մորգանտիի։

Հայաստանի պետական կամերային նվագախմբից հայտնում են, որ կներկայացվեն Ռեյ Չարլզի Hit the road Jack, A song for you, Hallelujah I love her so much, Georgia on my mind, ինչպես նաև Սթիվի Ուանդերի I just called to say I love you, Isn’t she lovely, Superstition, Part time lover և այլ երգեր։

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։

Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով և ներկայանում նոր գաղափարներով։ Մասիմո Մորգանտին ևս հասցրել է հանդես գալ մեր երկրում, ջերմ ընդունելության արժանացել ու սիրել մեր հանդիսատեսին։

Բացի այդ, երկու երաժիշտները հունիսի 22-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան Frammenti Canzoni Italiane իտալական երգերի երեկոյին, որն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը: Կհնչեն հայտնի իտալական երգերի գործիքային կատարումները՝ մշակված իտալացի գործիքավորող Ռոբերտո Գրանատայի կողմից։