Ստորագրվել է Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը
20 Նոյեմբերի 2023, 15:20
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,-ասել է Մարագոսը:
Կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը փաստաթուղթ է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև: Այն հիմնականում իրավական հարցերն է կարգավորում: Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել:
«Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»,-ասել է Մարագոսը:
Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրել է՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է:
«Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,-ասել է փոխնախարարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը:
«Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,- նշել է փոխնախարարը: