Ստրասբուրգում հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել Եվրոպայի խորհրդի դիմաց

21 Սեպտեմբերի 2023, 23:15

Քաղաքականություն

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայորդի» երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ Ստրասբուրգում հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել Եվրոպայի խորհրդի դիմաց։ Բողոքի ակցիայի մասին ոստիկանությանը նախապես չէին հասցրել ծանուցել, այդ պատճառով հնարավորություն չկար այն իրականացնելու հենց շենքի դիմաց։

Ելույթներ ունեցան կազմակերպության անդամներ ու ակցիայի կազմակերպիչներ Համլետ Հովսեփյանը և Սարգիս Մախտեսյանը։ Հավաքվածներին կոչերով դիմեցին տեղացիները՝ հույս հայտնելով, որ ԵԽ անդամ Ադրբեջանը կկատարի իր առջև դրված պարտավորությունները և կոնվենցիաները, որոնք վավերացվել են երկրի կողմից։ Մասնակիցները կոչ արեցին ԵԽ ներկայացուցիչներին հետևողական լինել, սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, այլ ոչ թե նոր գործարքների գնան բռնապետ Ալիևի հետ։

Տեղացիներից մի շարք անցորդներ և վարորդներ, ի նշան հայ երիտասարդների ցույցի քաջալերանքի, ազդանշան էին տալիս և աջակցություն հայտնում։

Երիտասարդները հավաքվածներին տեղեկացրին, որ հոկտեմբերի 1-ին բողոքի մեծ ակցիա է նախապատրաստվում Բրյուսելում՝ միաժամանակ հրավիրելով մյուս քաղաքներում գտնվող հայերին և հայկական համայնքի ներկայացուցիչներին։