Սթրեսը կհաղթահարենք միայն Արցախում. Լուսինե Ղարախանյան
20 Սեպտեմբերի 2024, 13:23
Արցախի կորուստը մեր գիտակցական դաշտում ամեն օր հետապնդում է մեզ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Մենք բլոկադայի մոտ 10 ամիսներին իսկապես մոբիլիզացրել ենք մեր բոլոր ռեսուրսներն ու ուժերը: Ինչ այսօր կատարվում է արցախցիների հետ, գիտական ուսումնասիրման նոր նյութ է, որովհետև սա միայն հետտրավմատիկ խանգարում ու սթրես չէ, սա ահաբեկչություն է մարդկանց հոգեկան աշխարհի, ինքնության վրա: Հետտրավմատիկ սթրեսը հաղթահարելու համար պետք է շատ աշխատել»,- ցավով արձանագրել է մեր զրուցակիցը:
Ղարախանյանը վստահ է՝ սթրեսը կարող են հաղթահարել միայն Արցախում:
«Եթե ինձ հարցնեք, թե ամենածանր բանն ինչն է, դա ոչ թե ֆիզիկական ոչնչացումն է, այլ իմ ինքնության ոչնչացումը: Ամեն օր բառի ամենաուղիղ իմաստով տարբեր մեսիջներով հարձակվում են արցախցիների ինքնության, անցյալի ու հիշողության վրա: Սա շատ ծանր է ու անհնար է հաղթահարել:
Հազար ու մի երեսպաշտ միջազգային կառույցներ արցախցի երեխաների տարբեր թիրախային խմբերի հետ ինչ-որ միջոցառումներ են անում, խմբային հոգեթերապիա, անհատական հոգեթերապիա: Զրո արժեք ունի այդ ամեն ինչը: Դա փոքր էֆեկտ կարող է ունենալ, ուղղակի կարող են հարմարվել նոր միջավայրին, բայց եթե ասեք՝ իրենք հաղթահարելու են այս ամենը, սուտ է: Հաղթահարումը միայն կարող է լինել Արցախ լանդշաֆտում»,- ասել է Լուսինե Ղարախանյանը:
Նա նկատել է, որ ճգնաժամը գնալով խորանում է՝ ավելի սրելով արցախցիների էմոցիոնալ ֆոնը:
«Գենետիկ առումով շատ ուժեղ են արցախցիները: Մեզանից յուրաքանչյուրը ստեղծել է իր փոքրիկ աշխարհը Հայաստան աշխարհի մեջ: Ես իմ աշխարհը ստեղծել եմ, օրինակ, Թումանյան թանգարանում, դուք՝ Alpha News-ում, բաց կներեք, սա ժամանակավոր սփոփանք է: Արցախի կորուստը մեր գիտակցական դաշտում ամեն օր հետապնդում է մեզ, ու մենք իսկապես դեռ չենք հաղթահարել այս կոլապսը: Այն քանի գնա, այնքան խորանալու է:
Մեկ տարի է անցել, թվում է՝ մենք պետք է հանգստանանք: Բայց իրականում ճգնաժամն է խորանում ու ավելի է սրվում մեր էմոցիոնալ ֆոնը, մտքերը»,- եզրափակել է արցախցի նախկին պաշտոնյան: