Տագնապալի միտում է աճում. Անդրեյ Արեշևը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

09 Նոյեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը Մոսկվա այցից հրաժարվելը:

«Սա անվերապահ միտում է, քանի որ մենք հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Արարատ Միրզոյանը չէին գնացել Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների և արտգործնախարարների հանդիպմանը։ Այնպես որ, հետխորհրդային ինտեգրացիոն կառույցների շրջանակներում Հայաստանը քաղաքական-դիվանագիտական շփումներից օտարելու միտումը, իմ կարծիքով, ակնհայտ է։

Ինչ շարունակություն կարող է ստանալ այս գիծը: Ես չէի ցանկանա բացասական կանխատեսումներ անել, բայց ինձ թվում է, որ Հայաստանի բովանդակային անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նույնպես կարող է ժամանակի ընթացքում կասկածի տակ դրվել։ Առանց ֆորմալ ելքի, առանց ինչ-որ ձևական ցուցադրական քայլերի։ Սակայն, այնուամենայնիվ, ինչպես ինձ է թվում, աճում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետխորհրդային ինտեգրացիոն միավորումներն անտեսելու բավական տագնապալի միտումը»,- հայտարարել է Արեշևը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և ԱՊՀ տարբեր կառույցների միջև պառակտում կլինի, բայց մինչև որոշակի շրջանակներ:

«Ես կարծում եմ, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Սակայն ինձ չի թվում, որ լիակատար տարանջատում կլինի, թեկուզ միայն այն պատճառով, որ գործող հայկական իշխանությունների արևմտյան կուրատորների համար, իմ կարծիքով, կարևոր է դրա պահպանումը ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում՝ այդ կազմավորումների նկատմամբ իրենց զուտ պրագմատիկ ուտիլիտար նպատակների տեսանկյունից։ Այսինքն, կոպիտ ասած, որպեսզի Հայաստանն այնտեղ լինի, կամ Հայաստանի գործող իշխանությունները, ես անընդհատ անում եմ այդ ուղղումը, որպեսզի Հայաստանի գործող իշխանություններն այնտեղ վարեն որոշակի քաղաքականություն՝ կապված այդ կառույցների փափկեցման, թուլացման, ապաինտեգրման հետ, որոնք, ինչպես հայտնի է, ունեն փոխգործակցության ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ բաղադրիչներ։ Ինձ թվում է, որ այսպես թե այնպես այդ կուրսը կանցկացվի, բայց մեր նախկին արեւմտյան գործընկերների ընթացիկ ծրագրերը, դրանք կարող են փոփոխվել, եւ ես չեմ բացառում, որ մենք կարող ենք նաեւ ինչ-որ անսպասելի շրջադարձեր նկատել», — ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։

Հիմա եթերում