Թամար Հովհաննիսյան. Անվանի դերասանուհին ու բեմադրիչը

09 Հոկտեմբերի 2024, 22:44

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 9-ը հայ դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Թամարա Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1954 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1975-1988 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։

Թամար Հովհաննիսյանը գրող Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կինը։

1988 թվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել են արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է անվանվել է Մհեր Մկրտչյանի անունով։ 1994-1996 թվականներին եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։

Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։

Դերասանուհին հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

90-ականներին տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ ապրել մոտ 20 տարի։ 1997-2002 թվականներին Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել մի շարք ներկայացումներ։

2013 թվականին Թամարա Հովհաննիսյանը վերադարձել է Երևան։ Դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։