«Տան մեծի պակաս ունենք, հիմա միավորվելու պահն է». «Հայոց տուն» համահայկական նախաձեռնության կոչը
27 Մարտի 2025, 20:52
Տերունական աղոթքով այսօր տրվեց «Հայոց տուն» համահայկական միավորման մեկնարկը: Աղոթքը հնչեցրեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ապա փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու ուղերձը:
«Ես կարծում եմ, որ «Հայոց տունը» պետք է դառնա մեր ինքնության շարժիչ ուժը: Աստված թող օրհնի բոլորիդ, որ ձեր մտքերը լուսավոր լինեն, ձեր հայացքները հայակենտրոն լինեն և գաղափարներով լիքը ծրագրեր կյանքի կոչեք»,- ասաց Սրբազանը:
«Հայոց տուն» համահայկական միավորումը ապակուսակցական կառույց է, որի նպատակը հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ փորձառու հայ մասնագետների միավորումն է՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:
«Հայոց տունն» առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ու ոգեղեն ուժի հենասյուներով՝ միասնությամբ, համերաշխությամբ և սիրով»,- «Հայոց տան» ուղերձից մեջբերեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանՌուբեն Կարապետյանը:
Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբ կա դրան դիմակայելու ցանկություն և կամք: Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը հիշեցրեց պատմության ծանր շրջանները ու ընդգծեց՝ համախմբման շնորհիվ ենք բեկում ունեցել պատմական այս կամ այն փուլում:
«Հազարամյակների լաբիրինթոսներով ենք անցել ու ամեն անգամ, երբ լուրջ վտանգ է եղել, միավորվել ենք՝ հաղթահարելով մեր եսակենտրոնությունը, զգալով վտանգը՝ միավորվել են, հիմա այդ պահն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:
«Հայոց տան» հարկի տակ հավաքվածները արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ համախմբված հայ հասարակության և ուժեղ Սփյուռքի անհրաժեշտություն են տեսնում:
«Հակադիր բևեռները, վիհը այնքան են խորացել, որ այս միջավայրը փոխելը բավական դժվար է լինելու, բայց ո՞վ պետք է անի: Ես քաղաքականություն չեմ մտնում, բայց որպես մտավորական փորձում եմ օգնել, իմ խղճի առաջ հանգիստ լինել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
Թե ինչո՞ւ է Հայաստանն այսօր կանգնած մարտահրավերների առաջ և ինչպես պետք է դրանք հաղթահարել, բժշկագիտության դոկտոր Արմեն Չարչյանն ասում է՝ չկար ազգային էլիտա, որը բոլորի համար ընդունելի լուծումներ կառաջարկեր, ինչը կնպաստեր զարգացող պետության կառուցմանը: Հիմա պրոֆեսորի խոսքով՝ պետք է ստանձնել պատասխանատու առաջնորդություն:
«Հայոց տուն» համահայկական միավորման դռները բաց են բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր ցանկանում են իրենց նպաստն ունենալ Հայաստան-Սփյուռք համախմբման գործում:
«Ամեն հայ ընտանիքում մեծ կա, որը գուցե էլ աշխատունակ չէ, բայց իր զավակների համար կարևոր է լսել նրա խոսքը: Հիմա մենք այդ մեծի պակասն ունենք»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը հավելեց.
«Հիշում եմ՝ Արևմտյան Հայաստանի ինքնապաշտպանական մարտերը, երբ 3 կուսակցություն կողքի էին դնում իրենց թշնամությունը, միասնական պայքարում էին Վանի, Սասունի ապստամբությունների ժամանակ, դանակը ոսկորին պե՞տք է հասնի, որ հասկանանք՝ բավական է, բոլորս հայ ենք, բավական է միմյանց ատենք»:
Հայերին միավորելը բարդ է, բայց «Հայոց տան» անդամները, համախոհները վստահ են՝ անհրաժեշտ կամք ունենալու դեպքում անհնարին չէ այդքան բաղձալի միավորումը, որը հանուն ընդհանուր շահի է, հանուն Հայաստանի Հանրապետության:
Մանրամասները՝ տեսանյութում: