Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ
2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:
Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:
Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:
Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր:
Եվս մեկ անգամ կվերարժևորվի թանգարանների առաքելությունը նորօրյա մարտահրավերների, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակության ձևավորման համատեքստում:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): Նպատակն է համախմբելու թանգարաններին՝ հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: