Տանգոն երկուսով են պարում. Կոնստանտին Կոսաչյովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
25 Հունիսի 2024, 21:30
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը:
Սենատորի կարծիքով՝ Ռուսաստանը պատրաստ է մինչև վերջ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ կառուցել։
«Ռուսաստանը հաստատապես պատրաստ է Հայաստանի հետ կառուցել նույնքան բարեկամական դաշնակցային հարաբերություններ, որքան դա հաջողվել է անել վերջին տարիներին: Ես վստահ եմ, որ մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այդ գծին, բայց տանգոն երկուսով են պարում, և այս իրավիճակի վերջնական ելքը կախված չէ Ռուսաստանից, այն կախված է Հայաստանից, այն կախված է նրանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գիտակցում այն ռիսկերը, որոնք իր մեջ կրում են Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմ և Արևմուտքի հետ լիովին անպատասխանատու մերձեցում։
Մենք հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրների օրինակով տեսանք, թե ինչի էր հանգեցրել նման մերձեցումը նախկինում, հաստատ Հայաստանի համար նման ճակատագիր չենք ցանկանում։ Այդ պատճառով կա՛մ ներկայիս ղեկավարությունը կգիտակցի այդ ռիսկերը, կանգ կառնի վերջին գծի մոտ, կա՛մ, ավաղ, ներկայիս ղեկավարության հետ ավելի ու ավելի դժվար կլինի», — ասել Է Կոսաչյովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ վաղ թե ուշ իր տեղը կընկնի:
«Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը, մենք Հայաստանի ներքին գործերին հաստատ չենք միջամտում։ Ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում այժմ մեր հարաբերություններում, բայց անկեղծորեն հավատում ենք, որ դա հայկական իսթեբլիշմենթի բանականության ժամանակավոր մթագնումն է, և ամեն ինչ վաղ թե ուշ իր տեղը կընկնի։ Ռուս և հայ ժողովուրդները բացարձակապես բարեկամական են միմյանց նկատմամբ, մոտ են միմյանց, պատմականորեն անարդար կլինի մեր նախնիների նկատմամբ այդ հարաբերությունները խաթարել, և բացարձակապես անպատասխանատու կլիներ մեր սերունդների նկատմամբ այդ հարաբերությունները չպահպանել», — եզրափակել Է Կոսաչյովը։