«Տապան» թանգարանում ներկայացվել է հնագույն Հայաստանը բացահայտած Բորիս Ռիբակովի մասին գիրքը
14 Նոյեմբերի 2025, 13:10
«Տապան» թանգարանում ներկայացվել է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չերեմինի՝ «Ակադեմիկոս, պատմաբան, հնագետ Բորիս Ալեքսանդրի Ռիբակովի» մասին աշխատությունը։
Գիրքը պատմում է խորհրդային և ռուսական ակնառու գիտնական Բորիս Ռիբակովի (1908-2001 թթ.) մասին, ով եղել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և Ստալինյան երկու մրցանակների դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և Լենինի երեք շքանշանների ասպետ։ Նա 30 տարի գլխավորել է խորհրդային հնագիտությունը և մնացել է առանցքային դեմք հայրենական պատմական գիտության մեջ։
Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրության գործում Ռիբակովի ներդրմանը։ Գրքում առաջին անգամ բացահայտվում են հայկական անցյալն ուսումնասիրելու և Հայկական ԽՍՀ տարածքում պեղումներ իրականացնելու իրավունքի համար գիտական պայքարի քիչ հայտնի դրվագներ: Ակադեմիկոսի համառության շնորհիվ հայտնաբերվել են հայկական հնագույն մշակույթի եզակի վկայություններ, որոնք այդ տարիներին հաճախ փորձում էին անտեսել։
Չնայած նրան, որ Ռիբակովը հայկական արմատներ չուներ, նա դարձավ այն հազվագյուտ գիտնականներից մեկը, ում համար ճշմարտությունն ու պատմական արդարությունն ավելի կարևոր էին, քան քաղաքական հանգամանքները։ Ըստ Ալեքսանդր Չերեմինի՝ հենց նման անհատներն են ազնիվ ու օբյեկտիվ գիտության հիմնադիրները։
Գրքի շնորհանդեսը նշանակալի իրադարձություն էր հայ հանրության համար, քանի որ Բորիս Ռիբակովի անունը, ով կարևոր դերակատարություն է ունեցել հնագույն Հայաստանի ուսումնասիրության գործում, երկար ժամանակ մնացել էր ստվերում։ Այժմ պրոֆեսոր Չերեմինի աշխատության շնորհիվ ակնառու հետազոտողի հիշատակը վերադարձվել է սերունդներին։