Տարեցտարի մեծ թվով հայ երեխաներ միանում են Նավասարդյան խաղերին․ Դալար Գալստյան
27 Հունիսի 2024, 23:30
Մենք շատ ենք ուրախանում, երբ տեսնում ենք, որ մեր հայ երեխաները միանում են Նավասարդյան խաղերին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Նավասարդյան խաղերի» կազմկոմիտեի անդամ Դալար Գալստյանը։
«Ամեն տարի «Նավասարդյան խաղերը» սկսվում են գրեթե մարտ ամսին, իսկ խաղերն ընթանում են ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։ Դրանք կայանում են տարբեր դպրոցներում, և ամեն տարի մեր մարզական թիմերը շատանում են՝ լինի բասկետբոլը, թեթև աթլետիկան, վոլեյբոլը, լողը, նաև մեծ թվով երեխաներ շախմատի են մասնակցում։ Ամեն տարի թվերը մեծանում են, և շատ ենք ուրախանում, որ մեր հայ երեխաները միանում են և ներկայացնում այս ծրագիրը։
Եթե որևէ մեկը ցանկանա մաս կազմել «Նավասարդյան խաղերին», նախընտրելի է, որ նրանք մաս կազմեն ինչ-որ մասնաճյուղի։ Մենք Լոս Անջելեսում մասնաճյուղեր ունենք, իսկ Նևադայում գործում է «Արցախ» մասնաճյուղը»,- ասաց Գալստյանը։
Խոսելով իր աշխատանքային գործունեության մասին՝ նա նշեց․
«Ես փոքր տարիքից մաս եմ կազմել Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը (Homenetmen), Իրանում եղել եմ սկաուտ, հետո տեղափոխվել եմ ԱՄՆ, որտեղ էլ շարունակել եմ գործս։ Ես փորձում եմ երեխաներին, նոր սերդին փոխանցել այն դաստիարակությունը, որը ստացել եմ Homenetmen-ի միջոցով։ Եվ արդեն շուրջ 5-6 տարի է, ինչ օգնում եմ Նավասարդյան խաղերին, հատկապես սկաուտների և փակման արարողության հարցում»։