7 տարի անց Թեհրանում տեղի է ունեցել պոլսահայ երգչուհի Սիպիլի մենահամերգը
14 Մայիսի 2023, 17:15
«ԱԼԻՔ»-ի փոխանցմամբ՝ մայիսի 13-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում հաւաքւած բազմութիւնը, եօթ տարի անց, նորից առիթն ունեցաւ վայելելու պոլսահայ երգչուհի Սիպիլի կատարումները:
Համերգը տեղի ունեցաւ նոյն միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, որի ընթացքում անւանի երգչուհին այլ երգերի կողքին կատարեց նաեւ «Ծառաւ սէրը», «Տեսնեմ Անին՝ նոր մեռնեմ», «Աւրորայի երազը», եւ 44-օրեայի արհաւիրքի հերոսներին նւիրած իր երգը:
Երգչուհին իւրաքանչիւր երգից առաջ հանդիսատեսի հետ կիսւում էր տպաւորութիւններով ու երգի ստեղծման շուրջ պատմութիւններով:
Ընթացքում ելոյթ ունեցան նաեւ «Սիփան» պարախմբի սաները:
Հանդիսատեսի շարքերն էին համալրել Սրբազան Հայրը, ծայրագոյն վարդապետ Մելոյեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ Սասուն քաղաքամասի մեր հայրենակիցները:
Համերգի աւարտին Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով կազմակերպւած համերգի կապակցութեամբ, ընդգծեց. «Մեզ այսօր յատկապէս, նման նախագծեր են պէտք: Մեր ժողովրդին պէտք է նման խթանիչ միջոցներով հեռու պահել նրան իր մշակոյթից ու ինքնութիւնից օտարող միջոցներից»: Վերջում նա յաւելեց, որ հայ ժողովրդի մէջքը նման ծրագրերով է, որ պէտք է ուղղել:
Յիշեցնենք, որ համերգն այսօր՝ կիրակի, կրկնւելու է Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում: