Տարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի
14 Հոկտեմբերի 2024, 14:16
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։
Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:
Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին ստամբուլահայ ընտանիքում ։ 1989 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը։ Գիտությունների դոկտորի աստիճանը ստացել Է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ Աճեմօղլուն վերջին 15 տարիներին գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Մի քանի տարի անընդմեջ Աճեմօղլուն համարվում է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի հավակնորդ։