«Տաշիր Արենայում» զեղչեր են գործում երեխաների, ուսանողների, ազատամարտիկների համար. Հրաչյա Արշակյան

10 Հոկտեմբերի 2025, 19:30

Մշակույթ

Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա «Tashir Arena»-ի պաշտոնական բացումը, իսկ մեկ օր անց հանդիսատեսի դատին կներկայացվի առաջին ներկայացումը՝ «ETERNIA» շոուն:

Կրկեսի սիրահարների համար սա չափազանց սպասված իրադարձություն է, որովհետև 14 տարի Երևանում կրկեսային ներկայացումներ չեն եղել:

Կրկեսի նոր շենքի կառուցման, այն 14 տարի անց բացելու, դրա տեխնիկական առավելությունների, ինչպես նաև տոմսերի գնային քաղաքականության մասին Alpha News-ը զրուցել է «Tashir Arena»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանի հետ:

Հրաչյա Արշակյանն ընդգծել է, որ «Tashir Arena»-ն բազմաֆունկցիոնալ հարթակ է Հայաստանում, այն նախատեսված է ոչ միայն կրկեսային ներկայացումների, այլև թատրոնի, սպորտային, բիզնես ոլորտին առնչվող միջոցառումների համար:

«Մենք ուշադրություն ենք դարձրել տեխնոլոգիական ու ավտանգային համակարգերի վրա: Մենք անվտանգության ունիկալ համակարգ ունենք, որն առաջինն ու միակն է Հայաստանի համար: Շենքը համալրված է նաև նորագույն տեխնոլոգիաներով: Տարածաշրջանի համար շատ ունիկալ բեմ ունենք, այն բազմաֆունկցիոնալ է: Ունենք լույսի ու ձայնի համար բավականին նորարար, առաջադեմ տեխնոլոգիաներ: Շենքը նախկինում 5 հարկանի էր, որը զբաղեցնում էր 6500 քառակուսի մետր մակերես, այժմ շենքը 9 հարկանի է և զբաղեցնում է 21 000 քառակուսի մետր մակերես: Դահլիճը մինչև 2 000 նստատեղ ունի»,- ասել է Հրաչյա Արշակյանը:

«Tashir Arena»-ի առաջին շոուի՝ «ETERNIA» -ի տոմսերը կարելի է գնել tashirarena.am կայքից, որոշ ժամանակ անց տոմսերը հասանելի կլինեն նաև «Tashir Arena»-ի շենքում: Շոուի տոմսերը գնային լայն շրջանակ ունեն՝ 5 000 -ից մինչև 40 000 դրամ:

«Գնային քաղաքականությունը որոշելիս առաջնորդվել ենք նրանով, որ գները ճկուն լինեն: 5000 դրամանոց տոմսով թույլ ենք տալիս, որ ցանկացած հայ ընտանիք կարողանա մասնակցել շոուին: Ունենք նաև թանկ տոմսեր, մինչև 40 000 դրամ հասնող, բայց դրանք կազմում են բոլոր նստատեղերի ընդամենը 3%-ը: Բնականաբար, ունենք նաև արտոնություններ: Օրինակ՝ 5-ից 12 տարեկան երեխաները կարող են օգտվել 30% զեղչից, մինչև 5 տարեկանների դեպքում, եթե նստատեղ չեն զբաղեցնում, մուտքն անվճար է լինելու: Ծրագրեր ունենք նաև արցախյան մարտերին մասնակցած ազատամարտիկների համար, նրանց դեպքում տոմսերը զեղչվում են մինչև 30%: Զեղչեր ունենք նաև ուսանողների, թոշակառուների համար: 10-ից ավելի տոմս գնելու դեպքում ևս զեղչ կա, 20-ից ավելի տոմս գնելու դեպքում զեղչի չափը ավելանում է»,- նշել է Հրաչյա Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում