«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել. փաստաբան
31 Հոկտեմբերի 2025, 14:50
«Տաշիր կապիտալը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։ Նրա խոսքով՝ նման առաջարկի հիմքում 6 միլիարդ դրամի դրական տարբերությունն է։
«ՀԾԿՀ–ն նախորդ անգամ դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող է ունենալ, կարող է մեկ տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, այլ բացասական, և արդյունքում անհրաժեշտություն լինի մի բան էլ սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք՝ արդեն ներկայացնելով գրեթե մեկ տարվա հաշվարկը հիմք ընդունելով, որ արդեն իսկ կազմում է (եկամուտը) 6 միլիարդից ավելի գումար։ Այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բանն էլ մեր կանխատեսումների համաձայն, ավելացել, հասել է 6 միլիարդի»,– ասել է Ալոյանը։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հոսանքի սակագնի իջեցման դիմումը ներկայացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, ընկերության բաժնետեր «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և ընկերության տնօրենների խորհրդի անունից։