Տաթևիկ Սազանդարյան․ Օպերային արվեստի փայլուն մեցցո-սոպրանոն
20 Օգոստոսի 2024, 23:59
Օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916թ. օգոստոսի 20-ին Հայաստանի Խնձորեսկ գյուղում:
Համերգային գործունեությունը սկսել է 1933 թվականին, իսկ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Նույն թվականին Տաթևիկ Սազանդարյանը դարձել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:
Նա հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բոլոր քաղաքներում և ոչ միայն, քանի որ ունեցել է իր հանդիսատեսը Իրանում, Լիբանանում, Շվեդիայում, Թունիսում, Հունգարիայում, Սիրիայում, Բելգիայում, Հունաստանում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում:
Սազանդարյանը հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի, իսկ երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է ոչ միայն հայ, այլև ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 պարտիա:
1961 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1970 թվականից՝ որպես պրոֆեսոր, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Երևանի կոնսերվատորիայում լավ են հիշում Տաթևիկ Սազանդարյանին՝ նշելով նրա յուրահատուկ տաղանդը, շնորհքն ու աշխատասիրությունը: Իսկ նրա սաները հպարտանում են, որ ժամանակին իրենց հաջողվել է գիտելիքներ ձեռք բերել խորհրդային օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկից:
Տաթևիկ Սազանդարյանը կյանքից հեռացել է 1999 թվականի հոկտեմբերի 6-ին: