Թատրոն, հեռուստատեսություն, կինո․ Արթուր Էլբակյան

10 Փետրվարի 2026, 22:00

Հայեր

Արթուր Էլբակյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 10-ին, Երևանում։ Երիտասարդ տարիներին լրջորեն զբաղվել է ֆուտբոլով և նույնիսկ հրավիրվել Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն ստացած վնասվածքը փոխել է նրա ճակատագիրը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի հետ հանդիպումը դարձել է բեկումնային․ Էլբակյանն ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիա, որտեղ սովորել է Խորեն Աբրահամյանի արվեստանոցում։

1980 թ. Արթուրը Էլբակյանն ավարտել է թատրոնի ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք խաղացել ՝ Զիմզիմովի դերը «Պեպո» պիեսում։

1980-1982 թվականներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, ապա՝ Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում, 1984-1990թթ․՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը ներառում է բազմաթիվ դերեր թատերական բեմադրություններում, հեռուստաներկայացումներում, ինչպես նաև իր հիմնադրած «Թատրոն 13»-ում, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և դերասան։

1985 թվականին Էլբակյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 12-րդ փառատոնին, որի բացմանը նա եղել է Հայաստանի դրոշակակիրը։ 1985-1990թթ-ը մասնակցել է մի շարք հեռուստատեսային և ռադիո բեմադրությունների։

1991 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ ստանալով թատրոնի և կինոյի ռեժիսորի մասնագիտություն։ 1990 թվականին հիմնել է իր «Թատրոն-13»-ը, որտեղ մինչև 1993 թվականը եղել է գլխավոր ռեժիսոր և տնօրեն։

1993–1995 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ ստեղծել և վարել է հեղինակային «Նորին մեծություն թատրոն» և «Ժամադրություն» հաղորդումները, որտեղ ընտանեկան մթնոլորտում զրուցել է հայտնի դերասանների, ռեժիսորների և քաղաքական գործիչների հետ։ 1995–1996 թվականներին ՀՀ ժողովրդական արտիստներ Վլադիմիր Մսրյանի, Լևոն Թուխիկյանի և Գուժ Մանուկյանի հետ ստեղծել է «Թատրոն» հիմնադրամը։ 1996 թվականին ստեղծել է Հայաստանի առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը, որտեղ մինչև 2000 թվականը եղել է տնօրեն և փոխնախագահ, ինչպես նաև մի շարք հաղորդումների հեղինակ և վարող։

1998-1999 թթ. եղել է «Армянское радио»-ի գլխավոր պրոդյուսերը Մոսկվա քաղաքում, 1998-2000 թթ.՝ Հայաստանի hանրային hեռուստաընկերության սեփական թղթակիցը Ռուսաստանի Դաշնությունում՝ ստեղծելով հաղորդաշարեր հայկական սփյուռքի կյանքի և Ռուսաստանի մասին։ 2005 թվականից նկարահանել է վավերագրական ֆիլմեր տարբեր երկրների և քաղաքների մասին՝ «Իսրայել», «ԱՄՆ», «Իտալիա», «Լոնդոն», «Փարիզ», «Բարսելոնա» և այլն։

Արթուր Էլբակյանի կենսագրությունը պատմություն է մի մարդու մասին, ով կարողացել է համադրել դերասանական վարպետությունը, ռեժիսորական տաղանդը և պրոդյուսերական հոտառությունը՝ ստեղծելով ժամանակի ոգին և հասարակության մշակութային պահանջները արտացոլող նախագծեր։ Նա դարձել է հայկական բեմի և հեռուստատեսության նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ թողնելով նշանակալի հետք երկրի մշակութային կյանքում։