Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ

17 Մայիսի 2024, 14:40

Քաղաքականություն

Մարզպետը հանդիպման ժամանակ ասել է, էսօր էլ համաձայնությունը տաք, տրակտորները կբերենք գյուղ, կսկսենք նոր ճանապարհը կառուցել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ պատմելով կիրանցեցիների և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպման մասին:

«Ասել է ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժողովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի»,-ասել է Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ հանդիպմանը գյուղից 10-12 տղամարդ էին ներկա:

Բնակչի խոսքով, մարզպետի հետ հանդիպելու համար գյուղացիները ժամանակավորապես բացել էին ճանապարհը, և գնացել գյուղապետարանի մոտ, որպեսզի գոնե հանդիպման ավարտին կարողանան խոսել Հայկ Ղալումյանի հետ, սակայն մարզպետը հանդիպման ավարտից հետո՝ առանց հանդիպմանը ներկա չգտնված գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել է:

Կարեն Ղազարյանի խոսքով, գյուղացիները պատրաստվում են դեռևս փակ պահել ճանապարհը: