Թբիլիսիի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը, վտանգի տակ է. ահազանգ

02 Փետրվարի 2024, 11:35

Մշակույթ

Թբիլիսիի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը, շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված: Այս մասին ահազանգում է Վրաստանի հայ համայնքը՝ հավելելով, որ մտավախություն կա, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որն ավերվել է հորդառատ անձրևներից։

«2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մեջ, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունքին չհանգեցրին։ Կառուցվել է հյուրանոց, որը բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության կառուցման պատճառով կորցնում է իր ճարտարապետական արժեքը»,- նշել է հայ համայնքը:

Ասվում է, որ 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի:

«2018 թվականին կիրակնօրյա մեկ պատարագից հետո Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք։ Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է` մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից` հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները` բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ում պարտականության մեջ է մտնում այդ հարցը, ուշադրություն դարձնել ժամանակին, քանի դեռ ուշ չէ»,- ասվում է Վրաստանի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք հույս ունեն, որ Վրաստանի կառավարությունը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի։