Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը
07 Հունվարի 2024, 16:56
Հունվարի 6-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Պատարագի ավարտին ջրի օրհնության կարգ է կատարվել։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն է եղել։
Արարողությանը, բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, ներկա է եղել նաև Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն, որ շնորհավորել է հայկական եկեղեցուն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։
Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենամեծ տոնն է: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։ Ավանդույթի համաձայն՝ կատարվել է Ջրօրհնեք, այնուհետև ներկաները հնարավորություն են ունեցել մոտենալ և օրհնված ջրից տանել իրենց հետ: