Թբիլիսիում 110-րդ անգամ նշվել է ավանդական «Վարդատոնը»
21 Մայիսի 2024, 17:00
110-րդ անգամ Թբիլիսիում նշվել է Վարդատոնը։ Մեյդան թաղամասում տիրել է տոնական տրամադրություն, ամեն տարի նշվող «Վարդատոնը» մայրաքաղաքի բազմազգ բնակչությանը հավաքել էր մեկ հարկի տակ նշելու արդեն ավանդույթ դարձած տոնը՝ պահպանելով հարյուրամյա ավանդույթները։
Ամեն տարի մայիս ամսին, աշխույժ Թբիլիսին դառնում է հայկական մշակույթի և ժառանգության փարոսը, քանի որ այն հյուրընկալում է «Վարդատոնը»՝ նվիրված մեծարգո աշուղ Սայաթ-Նովային:
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մինչ տոնակատարության սկիզբը՝ Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ: Ներկաները վարդերով, սեր ու ժպիտով զարդարել են անմահ Սայաթ-Նովայի շիրիմը, որին ներկա էին նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցչական անձնակազմը՝ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորությամբ:
Մասնակիցները, որոնք հանդես են եկել երգ ու պարով, նվագով ու ասմունքով, կրել են հայկական ավանդական տարազներ՝ ստեղծելով գունագեղ տեսարան, որն արտացոլում է հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Բեմը զարդարվել է վարդերով և վարդաթերթիկներով՝ խորհրդանշելով թե՛ փառատոնի անունը, թե՛ Սայաթ-Նովայի պոեզիայի գեղեցկությունը։