Թբիլիսիում բարձրացնելու ենք Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը․ Վրեժ Հարությունով
25 Հունվարի 2024, 23:00
Հունվարի 28-ին Թբիլիսիում տեղի կունենա ցույց, որտեղ կպահանջենք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Վրաստանի Երիտասարդական և ուսանողական միությունների վարչության նախագահ Վրեժ Հարությունովը։
«Հունվարի 27-28-ին եվրոպական ավելի քան 50 քաղաքում տեղի են ունենալու հանրահավաքներ, ինչպես տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը Թբիլիսիում մենք ևս հանրահավաք ենք անցկացրել Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Իսկ հիմա ցույցը տեղի կունենա հունվարի 28-ին 14։30-ին Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։ Ցույցի պահանջները հետևյալն են՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել արցախահայերի իրավունքները, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Ցույցի ընթացքում հայտարարություններ կկարդանք, նաև նամակներ կուղարկենք Եվրամիության գրասենյակ»,- նշել է Հարությունովը։
Նա վստահ է՝ հանձնվելու փոխարեն ամբողջ Սփյուռքը պետք է ոտքի կանգնի և պայքարի, որ արցախահայերը ազատ և անվտանգ ապրեն իրենց հայրենի հողում։
«Մենք չպետք է կոտրվենք և հանձնվենք, ընդհակառակը՝ պետք է հույսներս չկտրենք, պայքարենք և ամեն ինչ անենք, որ արցախահայերը ազատ և անտանգ ապրեն իրենց հայրենի հողում՝ Արցախում»,- ընդգծել է Հարությունովը։