Թբիլիսիում և Ախալքալաքում նշվել է ՀՀ Անկախության օրը
24 Սեպտեմբերի 2024, 00:22
Սեպտեմբերի 21-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին։
Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաները միջոցառումը սկսել են Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների օրհներգերի կատարմամբ, հետո Ախալքալաքի Հայ երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով։
Երիտասարդական կենտրոնի սաները երգել են ու պարել։ Միևնույն ժամանակ երիտասարդական կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել այս թեմայով աշակերտների նկարների ցուցահանդես:
Թբիլիսիում ևս տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության օրվան: Միջոցառման կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն էր։
Միջոցառման ընթացքում հնչել են Վրաստանի և Հայաստանի հիմները, Արցախի օրհներգը, ինչպես նաև ընթերցվել է Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ, որին հաջորդել են երաժշտական ու պարային համարներ։
Ընդգծենք, որ անկախության տոնը Հայաստանի պետական և ազգային տոներից է։ Անկախության տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։