Թբիլիսիում կկայանա խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

21 Փետրվարի 2024, 14:34

Քաղաքականություն

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:45-ին, «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Թբիլիսիում կկայանա խաղաղ երթ՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի: Երթը կմեկնարկի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից (Երևանյան պուրակ) և կշարժվի դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ։

Ժամը 14:00-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում տեղի կունենա նախաձեռնող կազմակերպությունների համատեղ միջոցառումը՝ «Սումգայիթյան ջարդերի անպատժելիությունը ծնեց նոր ցեղասպանություն» խորագրով: «Սումգայիթի ջարդեր» թեմայով բանախոսությամբ հանդես կգա պատմաբան Ենոք Թադևոսյանը: Կցուցադրվի ֆիլմ և կկայանա քննարկում։