Թեհրանի հայկական թաղամասերում որևէ խուճապ չկա. Իսակ Յունանեսյան
21 Հունիսի 2025, 00:30
Երեկ գիշերը Թեհրանում ռմբակոծությունները շարունակվել են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Թեհրանի հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն՝ անդրադառնալով իրանա-իսրայելական հակամարտությանը:
«Գիշերը մինչև ժամը 2-ը ռմբակոծությունները շարունակվել են, բայց ոչ քաղաքի կենտրոնում: Իսրայելի թիրախը ռազմական պահեստներն ու օբյեկտներն են»,- ասել է Իսակ Յունանեսյանը:
Նրա խոսքով՝ Թեհրանի հայկական բոլոր թաղամասներն ապահով են, ռմբակոծություն տեղի չի ունեցել, վիրավորներ և զոհեր չկան:
«Կարելի է ասել, որ հայկական թաղամասերում որևէ խուճապ չկա: Սուպերմարկետները բաց են, ժողովուրդը նորմալ փողոց է դուրս գալիս»,- հավելել է նա:
Թեհրանի հայ դատի հանձնախմբի նախագահի խոսքով՝ որոշ փորձագետներ պնդում են, որ Իրանի ուղղությամբ անօդաչուներ են արձակվում Ադրբեջանի կամ օկուպացված Արցախի տարածքից: «Դեռ հստակ փաստեր չկան»,- ընդգծել է նա: