Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

17 Օգոստոսի 2025, 13:30

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային տեղական ռադիոյին տված հարցազրույցում մատնանշել է իրանական կողմի զգայունությունը երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:

Նա հայտարարել է, որ Թեհրանում ուշադիր հետևում են Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանն՝ առանց պարզեցնելու կամ նսեմացնելու որևէ հարցի նշանակությունը:

Բաղային ներկայացնելով Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ ասել է․ «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ և տարածաշրջանի պետությունների, հատկապես Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով», — ասել է նա:

Նա Իրանի համար «կարմիր գիծ» է անվանել արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը և հայտարարել, որ Թեհրանը ոչ մի դեպքում օգտակար չի համարում արտաքին միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը: Նրա խոսքով՝ Իրանը համոզված է, որ դա աշխարհաքաղաքական բարդությունների է հանգեցնում։

Իր հերթին, ըստ Mehr գործակալության, Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Հարազին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Հայաստանին փարատել Իրանի կասկածները Երևանի և Բաքվի համաձայնագրի հետ կապված, որը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար:

Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխության հարգման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ Հարազին իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի ներկայության հետ՝ երկու երկրների միջև հաղորդակցության ուղին կառավարող ներդրող ընկերության տեսքով, որը կարող է հիմք հանդիսանալ ԱՄՆ-ի հետագա միջամտության համար տարածաշրջանի գործերին:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի Իսլամական Հանրապետության խնդիրները», — ասել է նա:

Հիմա եթերում