Թեհրանում կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2023» ցուցահանդեսը. Հայաստանը ևս ներկայացված կլինի

26 Հունիսի 2023, 10:31

Մշակույթ

Թեհրանում դեկտեմբերի 4-7-ը կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը, հաղորդում է իրանական Meher գործակալությունը։

Ըստ միջոցառման վարչական մենեջեր Ալիռեզա Ջաֆարիի` ցուցահանդեսը կայանալու է Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։

«Ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանում, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։ Ցուցահանդեսին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները»,- տեղեկացնում է գործակալությունը։

Պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10․000+ այցելուների մասնակցություն ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։

Ցուցահանդեսի հիմնական բաժիններն են գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, նավթագազային ոլորտը, բժշկական սարքավորումները, դեղագործությունը և այլն։

Հիշեցնենք, որ Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.-ի մայիսին:

Հիմա եթերում