Թեհրանը չի կարող թույլ տալ որևէ ոտնձգություն Իրան-Հայաստան սահմանին․ Ռոբերտ Բեգլարյան

06 Փետրվարի 2024, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Պատասխանելով Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին՝ Իրանը հերթական անգամ ընդգծեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ իրենք Հայաստանի հզորացման կողմնակիցն են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

«Իրանը իր դռները բացում է Հայաստանի առջև՝ թե՛ պաշտպանական, թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական բնագավառներում համագործակցելով։ Իրանը վստահ է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի դերակատարների օգնությամբ։ Ցավոք, այսօր երկու երկիր հակառակ ձևով են աշխատում և այնպես են անում, որ տարածաշրջանում կայունություն չլինի։ Դրանք Ադրբեջանն ու Թուրքիան են։ Իրանը մտահոգված է, որ տարածաշրջանում կարող են այլ իրադարձություններ տեղի ունենալ»,- նշեց Բեգլարյանը։

Նա ընդգծեց՝ Թեհրանն ամեն բան կանի, որ Իրան-Հայաստան սահմանին կայունություն տիրի։

«Իրանի ռազմաքաղաքական և հետագա տնտեսական զարգացումները պետք է թույլ չտան, որ իր աշխարհագրական կապերը դեպի հյուսիս խաթարվեն, հատկապես այն պարագայում, որ Իրանի ամենավստահելի մասը Հայաստանով է անցնում։ Սա կենաց-մահու հարց է, և Իրանը չի կարող թույլ տալ որևէ ոտնձգություն Իրան-Հայաստան սահմանին»,- եզրափակեց Բեգլարյանը։